Արմինֆո.Հանրապետական կուսակցության համար առաջիկա ընտրություններում գերխնդիրը լինելու է ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար հաջորդ խորհրդարանում մանդատի լինել-չլինելը դարձել է ամենաարդիական հարցը: Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, խորհրդարանականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ:
Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետականի համար գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն. հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար; հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են; հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկան մերոնք և ձերոնք; հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է; հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ;
եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի քաղաքացու ընտրությունը, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի»,- ասել է նա: