Արմինֆո.Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանի իշխանություններին հանձնմանը. «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնմանը»: Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բելառուսը բլոգերին Ադրբեջանին չհանձնելու հիմք չունի, քանի որ Ադրբեջանն այդ հարցով դիմել էր Ինտերպոլ, և Բելառուսում Լապշինին ձերբակալել են՝ Ինտերպալի որոշման համաձայն: