Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն անկայուն է: Ինչպես հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը, այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Անհրաժշետ է դրա շուտափույթ քաղաքական կարգավորում` միջազգային իրավունքին համապատասխան: ԵՄ շարունակում է լիովին պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները»,- նշել է Տուսկը:
ԵՄ խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է: «Մենք պաշտպանում ենք նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է նա: Տուսկը նաև հաղորդել է, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում հիմնարար ազատություններին, այդ թվում մարդու իրավունքներին և խոսքի ազատությանն առնչվող իրավիճակը: «Մենք կարծում ենք, որ բաց հասարակությունը կայունության և բարեկեցության հիմնական երաշխավորն է: Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունն այդ ոլորտում: Ադրբեջանը մշակույթների միջև կամրջի դեր է խաղում: Դա շատ կարևոր արժեք է այն մարտահրավերների ֆոնին, որոնց մենք բախվում ենք հարևանության շրջանակում»: