Արմինֆո.«Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որևէ դաշինքի կազմում: Այդպիսի որոշում է կայացվել նախօրեին կուսակցության քաղխորհրդի նիստում:
Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արմեն Մարտիրոսյանը, առայժմ վերջնական որոշում չի կայացվել, թե «Ժառանգությունը» հատկապես որ դաշինքի կազմում կմասնակցի: Ընդ որում, նա ընդգծել է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ համախմբումը բացառվում է, բանակցություններ կվարվեն միայն պաշտպանության նախկին նախարար Սեյան Օհանյանի կամ «Ելք» դաշինքների հետ: «Մենք ունենք բանակցողներ, որոնք երկխոսության մեջ են տարբեր ուժերի հետ, բանակցությունների ավարտից հետո կկայացվի համապատասխան որոշում», - հայտարարել է Մարտիրոսյանը, ընդսմին հավելելով, որ քաղխորհրդի որոշ անդամներ, այդ թվում` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, հանդես են եկել ընտրություններին կուսակցության ինքնուրույն մասնակցությանն օգտին: Նա նաև դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի, սակայն ենթադրություն է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի:
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, ապա ՀՀՇ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նախօրեին հերքել է «Ծառուկյան» դաշինքի հետ համախմբվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Նա ընդգծել է, որ նպատակահարմար չի գտնում տարբեր գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեկ դաշինքում, ուստի անձամբ իր թեկնածությունը չի առաջադրի: Ընդ որում, Արզումանյանը չի բացառել, որ ՀՀՇ առանձին անդամներ կառաջադրվեն այս կամ այն դաշինքի ցուցակով:
Նախօրեին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, թեև ԶԼՄ-ներում երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, թե նա առաջին տեղն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի կամ ՀԱԿ ցուցակում: