Արմինֆո. Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին պարտադրականությունը հաղորդելը կամ, ընդհակառակը, այն իրավաբանական ֆիկցիա թողնելը ոչ վերջին հերթին կախված է ԼՂՀ-ում իշխանության և կառավարման որակից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«ԼՂՀ ներքին զարգացումն արտաքին գործոններից և անվտանգության հարցերից ավելի մեծ չափով է կախված, քան՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի: Հետևաբար՝ բանակցային գործընթացի, խաղաղ կարգավորման և շփման գծում ընդհարումների դինամիկան անմիջականորեն կազդի վերջինիս պետականության պահպանման հեռանկարների վրա: Ըստ որում, այդ ընթացքի մեջ ղարաբաղյան ընտրախավը պասիվ հանդիսատեսի դերում հանդես գալ, ընտրություն կատարելով անվտանգության օգտին, չի պատրաստվում:
Ըստ վերլուծաբանի, այս առումով ԼՂՀ նոր Սահմանադրության ընդունման կողմնակիցների և հակառակորդների վեճի ջրբաժանն անվտանգության և ժողովրդավարության էթնոազգային մոդելի հարաբերակցությունն է, որի դեպքում հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական, այլ ոչ թե՝ բազմաէթնիկ կազմավորում:
2017 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Հունվարի 17-ին ԼՂՀ խորհրդարանը որոշում է կայացրել սահմանդրական բարեփոխումների նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նիստին ներկա 28 պատգամավորներից 20-ը «կողմ» է քվեարկել այդ որոշմանը, «դեմ»` 7-ը, 1-ը ձեռնպահ է մնացել: Հունվարի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
Ընդգծելով ԼՂՀ նախագահի հովանու ներքո գործադիր իշխանության ամրապնդման միտումը՝ Մարկեդոնովը նշել է, որ կուլուարային խոսակցություններում Արցախի շատ ներկայացուցիչներ կասկած են հայտնում այն առնչությամբ, որ Հայաստանում խորհրդարանական մոդելին անցումը կայունություն կբերի երկրին՝ Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում վտանգ տեսնելով դրանում:
Վերլուծաբանը նշել է, որ հայկական լոբբին արտերկրում ակտիվորեն առաջ է մղում փաստարկը, ըստ որի՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանի որ այնտեղ փոխվում են նախագահները և խորհրդարանները, մինչդեռ Բաքվում ամրապնդվում է նախագահի անձնական իշխանության ռեժիմը:
«Հիշյալ փաստարկի հաջողությունը նկատելի է: Բազմիցս ներկա եմ գտնվել Կապիտոլիումի բլուրում քննարկումներին, որտեղ կոնգրեսականները, փորձագետները և լրագրողները ԼՂՀ մասին խոսում էին՝ որպես ժողովրդավարություն, շուկայական տնտեսություն պաշտպանող և ստալինյան ազգային քաղաքականությանը դիմակայող հանրապետության»,- ամփոփել է նա: