Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համակարծիք է հուլիսի 29-30-ը անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության հետ: «Իհարկե, համակարծիք եմ: Եվ ոչ միայն այդ օրերին»,- հայտարարել է Արման Թաթոյանը:
Թաթոյանի խոսքով, իրավապահների կողմից անհամաչափ ուժ կիրառելու մասին կարելի է խոսել՝ կապված ոչ միայն Էրեբունիում ՊՊԾ գնդի գրավման օրերին իրադարձությունների հետ: «Այս առումով լիովին համակարծիք եմ դեսպան Միլսի հետ»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ նախնական կալանքի կիրառման անհիմն լինելու առնչությամբ դեսպանի գնահատականին, Թաթոյանի խոսքով, այստեղ անհրաժեշտ է խստորեն հետևել միջազգային իրավունքի ընդունված նորմերին: «Երբ քննարկվում է կալանք նշանակելու հարցը, հարկավոր է սկսել այլընտրանքային խափանման միջոցներից, և միայն բոլոր միջոցների չբավարարման դեպքում, դիմել կալանքի՝ որպես առավել խիստ խափանման միջոց»,- պարզաբանել է օմբուդսմենը:
Միաժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե որքանով էին սպառված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ նախնական կալանք նշանակելու շրջանում մնացած բոլոր այլընտրանքային միջոցները՝ Թաթոյանը հայտարարել է, «Այո, Հայաստանում կա նման խնդիր, ընդհանուր առմամբ խնդիր կա՝ կապված կալանքի կիրառման հետ»: Այս առումով շատ հարցերի պատասխաններ կարող է տալ նոր Քրեադատավարական օրենսգրքի ընդունումը:
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը Միլսը մտահոգութուն էր հայտնել հուլիսի 29-30-ը անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումների առնչությամբ: «Մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա»,- հայտարարել էր դիվանագետը: