Արմինֆո. Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու գործը չի կարող նախադեպ հանդիսանալ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նա գտնում է, որ Բաքվի նման նյարդային արձագանքը չի կարող բացասաբար անդրադառնալ Արցախ զբոսաշրջիկների և այցելուների հոսքի վրա, սակայն կարող է վնասել Ադրբեջանին և բոլոր նրանց, ովքեր օգնում են իրականացնել այդ երկրի ղեկավարության գաղափարները: «Բաքվի ցուցակում շուրջ 500 անուն կա, որոնց թվում տարբեր ոլորտների հայտնի գործիչներ են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է արտահանձնել նրանց»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը, ուսումնասիրելով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական պատասխանատվության ենթարկելու համար արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը, որոշել էր բավարարել այն: Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ Մինսկում ՌԴ դեսպանությունն օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը բլոգերի արտահանձնման հարցի առնչությամբ արդեն դիմել է Բելառուսի իշխանություններին: