Արմինֆո. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեության սահմանափակումը Բաքվի կողմից դեմարշ է այդ կառույցի նկատմամբ: Այս մասին հունվարի 31-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանը հայտնվել է մեկուսացման մեջ, և, գնալով ԵԱՀԿ 56 անդամ-երկրներին դեմ, հանդես է եկել Երևանում ԵԱՀԿ մանդատը երկարաձգելուն դեմ: ԵԱՀԿ մյուս անդամ-երկրների, այդ թվում`Ռուսաստանի, ԱՄՆ, ԵՄ, Կանադայի և Շվեյցարիայի պատվիրակություններն իրենց ելույթներում աջակցել են երևանյան գրասենյակի գործունեությանը»,-նշել է նախարարը:
Ըստ նախարարի, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Բաքուն հայտարարել է, որ իբր երևանյան գրասենյակն զբաղված է այնպիսի գործունեությամբ, ինչը վտանգում է Ադրբեջանի անվտանգությունը, իրականացնելով ականազերծման աշխատանքներ: Նալբանդյանը նշել է, որ իրականում դա եղել է կրթական ծրագիր: «ԵԱՀԿ առաքելությունը տարածաշրջան է ուղարկվել իրավիճակը պարզելու նպատակով, որից հետո ներկայացվել է հաշվետվություն, որ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն, Բաքուն դրանից հետո էլ շարունակեց պնդել, որ ծրագիրը հակասում է իր շահերին: Արդյունքում, առաջարկվեց ձեռնպահ մնալ այդ ծրագրի իրականացումից, դե մենք էլ չմերժեցինք: Բայց մյուս ծրագրերը կիրականացվեն ինչպես նախկինում»,-նշել է նախարարը, հավելելով, որ Բաքվի ապակառուցողական դիրքորոշման ֆոնի վրա, որը նաև փակեց ԵԱՀԿ ադրբեջանական գրասենյակը, մշտական խորհրդի նիստում մշտապես գովաբանում էին Հայաստանի կառուցողական մոտեցումը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի պատվիրակությունը կազմակերպությանը տեղեկացրել է, որը չի աջակցում Երևանում ԵԱՀԿ գործունեության մանդատի երկարաձգման նախագծին: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, հատկապես ռազմական-քաղաքական հարթությունում, եղել է Ադրբեջանի խորը մտահոգության աղբյուր: Մինչդեռ, ըստ գործող պրակտիկայի, ազգային գրասենյակների մանդատը երկարաձգվում է ամեն տարի, ԵԱՀԿ անդամ պետույթունների կոնսենսուսի հիման վրա: