Արմինֆո.Հայաստանը երբեք չի խուսափել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հանդիպումներից, այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, սակայն թե ինչպես կվարվի Ադրբեջանը, չեմ կարող ասել»,- ընդգծել է նա: Մասնավորապես, նախարարը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են հանդիպում անցկացնել փետրվարի 12-14-ը Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, սակայն այդ հարցի առնչությամբ վերջնական որոշում չկա: Նալբանդյանը հերքել է նաև տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հերթական եռակողմ հանդիպումն անցկացնել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: «Առայժմ խոսքը վերաբերում է Մյունխենում հանդիպում անցկացնելու վերաբերյալ միջնորդների առաջարկին»,- նշել է նախարարը:
Նալբանդյանը նշել է նաև, որ Բաքուն աղավաղում է ոչ միայն հանդիպումների էությունը, այլ նաև՝ հանդիպումների բուն փաստը: Այս համատեքստում նա նշել է, որ հենց Բաքուն է փորձում աղավաղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ըստ որում, մեկնաբանելով Հայաստանի հնարավոր վարքագիծն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի հիշյալ պայմանավորվածությունների իրականացումից՝ նախարարը նշել է, որ նման իրավիճակ առաջին անգամ չի առաջանում: «Սակայն, բանակցություններն այլընտրանք չունեն, հետևաբար՝ Երևանը և միջնորդները շարունակում են ջանքերն այնպիսի կարգավորման հասնելու համար, որը կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է նա:
Նա նաև պատասխանել էադրբեջանցի գործընկերների մեղադրանքներին, որ հայկական կողմը և Նալբանդյանն աղավաղում են 1994-95 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի էությունը: «Համապատասխան փաստաթղթերը հրապարակված են, հետևաբար՝ շատ հեշտ է իմանալ ճշմարտությունը: Իսկ այդ մեղադրանքների լավագույն պատասխանը փաստաթղթի հեղինակ Վլադիմիր Կազիմիրովի ելույթն է, որում նա հստակ նշել է, թե ով և ինչպես է աղավաղում փաստերը»,- ասել է նախարարը: