Արմինֆո.Ապօրինի զենք, զինամթերք պահելու, կիրառելու և իրացնելու մեղադրանքով «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանն ուղերձ է հղել Հայկական բանակի վերաստեղծման հոբելյանական 25-ամյակի առթիվ:
Սեֆիլյանի ուղերձում, մասնավորապես, նվշում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ պատմական հնարավորություն առաջացավ ջախջախելու և ծնկի բերելու Ադրբեջան կոչվող արհեստական պետությանը և ազատագրելու Արցախն ամբողջությամբ, սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտոնական քաղաքական դասն առհասարակ չունեին և մինչ այժմ էլ չունեն հայության առավելության վերաստանձնման և այդ նպատակով Հայրենիքի վերատիրացման նկրտում: «Ինքնիշխան ազգային պետություն և ազգային բանակ ստեղծելու և դրանք Հայրենիքի վերատիրացմանը ծառայեցնելու փոխարեն նրանք նախընտրում են ռուսական կայսրության ձեռքի տակ կազմակերպվել որպես Հայաստանի և հայության շահերի հաշվին նրա շահերն սպասարկող գաղութային վարչակազմ և մնացորդային շահաբաժին ակնկալել այդ ստրկաբարո վարքի դիմաց:
Դրա պատճառով և դրա համար ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոգոնվեց Արցախի անկախացման կործանարար մոտեցումը, Նախիջևանի ուղղությամբ ոչ մի քայլ չկատարվեց, Արցախն ազատագրվեց ոչ ամբողջությամբ, ընդ որում՝ ազատագրված տարածքները անվանվեցին որպես հետագայում վերադարձման ենթակա «անվտանգության գոտի», հակառակորդը կապիտուլյացիայի չենթարկվեց՝ հնարավորություն ստանալով ուժ հավաքել և վերստին սպառնալ մեր գոյությանը: Զուգահեռաբար՝ հենց մեկնարկի փուլում կասեցվեց ազգային պետության և ազգային բանակի կայացումը: Այսօր արդեն ապացուցելու կարիք չկա, որ մեր պետությունը վերածվում է ռուսական գաղութի, իսկ բանակը՝ ռուսական բանակի կցորդի՝ զուրկ ազգային ինքնությունից և ինքնուրույն կամքից», - ասվում է ուղերձում:
Ավելին, Սեֆիլյանն ընդգծում է, որ գաղութային վարչակազմը բանակը չի պահում հակառակորդի հետ պատերազմելու համար: «Նրա ենթակայությամբ բանակը դարձել է առաջին հերթին ռեժիմի վերահսկողությունը մեծացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալապես կախյալ վիճակում պահելու և այլ նմանատիպ նպատակների իրականացման գործիք», - ասվում է ուղերձում: «Տագնապով ստիպված ենք արձանագրել, որ պետության ինքնիշխանությունը, բանակի կառավարումը և Արցախը փուլ առ փուլ և մաս առ մաս հանձնող գաղութային վարչակազմը՝ իր ազգադավ ու վախկոտ պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, վերածվել է թիվ մեկ ազգային սպառնալիքի: Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գլխավոր վախկոտի՝ Սերժ Սարգսյանի կամազուրկ ու դավադիր գործելակերպն է ապրիլյան կորուստների և, առհասարակ՝ շփման գծի լարված վիճակի ու զոհերի հիմնական պատճառը: Ինքնիշխանություն, բանակի կառավարում և հայրենի հող հանձնելու այս ընթացքը մեկ հանգրվան ունի՝ պետականազրկում, ցեղասպանություն և վերջնական հայրենազրկում», - կարծում է Սեֆիլյանը:
Նա նաև կասկածի տակ է դնում ազգ-բանակ հայեցակարգի իրագործման հնարավորությունը ներկայիս վարչակազմի օրոք: «Ազգ-բանակը համատեղելի չէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարելու, նրա կամքը բռնադատելու և իշխանությունը յուրացնելու, համակարգային կոռուպցիայի, արդարության ճգնաժամի, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, սոցիալական ծայրահեղ բևեռացման և համատարած աղքատության, աղետալի արտագաղթի (որը սահմանամերձ գոտում հասնում է մարդաթափության աստիճանի), բանակի ռազմավարական կառավարումը օտարին հանձնելու, զինծառայողի և քաղաքացու իրավազրկության, պաշտպանությունից ժողովրդի մեկուսացման, քաղաքացուն զենք կրելու և իրեն պաշտպանելու իրավունքից զրկելու, ազատագրված տարածքները չբնակեցնելու և դրանք հակառակորդին վերադարձնելու նպատակադրման, Արցախը Հայաստանից տարանջատելու, բանակի կայսրական-ապազգային մոդելի, քաղպաշտպանության տարրական ենթակառույցի (էլ չենք խոսում տարածքի պատշաճ սարքավորման մասին) և գործուն մոբիլիզացիոն մեխանիզմի բացակայության, վախկոտ ու հայրենադավ գերագույն գլխավոր հրամանատարի, և այլ արմատական ու համակարգային արատների ու պրոբլեմների հետ: Առավել ևս՝ Ազգ-բանակ չի կարող ունենալ իր ինքնիշխանությունն օտարին հանձնող պետությունը», - համոզմունք է հայտնել Ժիրայր Սեֆիլյանը: Այնուհետև նա դիմել է զինվորներին ու սպաներին` կոչ անելով մերժել իրենց պարտադրվող կամազուրկ ենթակայի մտածելակերպը և նույնքան արի լինել որպես քաղաքացի, որքան արի են հակառակորդի դեմ` որպես զինվորական:
«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզելու: Նա սպասում է նվիրյալ զինվորականների վճռական քայլերին: Առանց իր բանակի՝ ժողովրդի համար շատ դժվար կլինի ազատագրվել: Նման գոյութենական իրավիճակներում բանակը չի կարող սահմանափակվել միայն արտաքին սպառնալիքի դեմն առնելով: Նա պարտավոր է նաև պաշտպանել իր Հայրենքը ներքին ճակատում, հատկապես, երբ արտաքին սպառնալիքի սնուցողը ներքին ճակատի սպառնալիքն է:
Արժանի՛ եղեք ձեր սրբազան կոչմանը և պատրաստ՝ կերտելու ինքնիշխան պետություն ու Ազգ-բանակ: Մե՛նք ենք տերը մեր երկրի», - իր ուղերձը եզրափակել է Սեֆիլայնը: