Արմինֆո.ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից, բայց շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ՝ հանուն պետության ու ժողովրդի: Այդ մասին նա գրել է Facebook-ում իր պաշտոնական էջում:
«Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ: Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի:
Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, արդեն հաղորդել էր, որ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: ՀՀԿ-ում գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Մեդվեդևն է Աբրահամյանին խորհուրդ տվել դուրս գալ կուսակցությունից` այն բանից հետո, երբ նախկին վարչապետը գանգատվել է, որ հարազատ ՀՀԿ-ում իր դիրքերը բավական խարխլվել են: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետն Աբրահամյանին խորհուրդ է տվել առաջիկա ընտրություններին մասնակցել «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Հայաստան վերադառնալուն պես Աբրահամյանը հանդիպել է որոշ հայտնի հանրապետականների հետ, փորձելով նրանց համոզել միասին լքել ՀՀԿ-ն և միանալ Ծառուկյանի դաշինքին: Թե ինչով են ավարտվել բանակցությունները, չի հաջողվել պարզել, սակայն Աբրահամյանը հանդիպել է Ծառուկյանի հետ` նրա գլխավորած դաշինքին միանալու հարցը քննարկելու նպատակով: Սակայն Ծառուկյանը անսպասելի մերժել է Աբրահամյանին, դա բացատրելով այն հանգմանքով, որ դաշինքին Աբրահամյանի միանալն ընտրազանգվածը ճիշտ չի ընկալի: