Արմինֆո.Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնումը կարող է ծիծաղ հարուցող «սև ցուցակը» իրական քաղաքական գործիքի վերածել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը, ուսումնասիրելով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական պատասխանատվության ենթարկելու համար արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը, որոշել էր բավարարել այն: Լապշինը բողոքարկել է այդ որոշումը, որի քննարկումը նախատեսվում է հունվարի 26-ին:
«Կարծում եմ՝ իր «սև ցուցակին» քաղաքական երանգ հաղորդելու Բաքվի ձգտումն ավելի քան ակնհայտ է: Եվ Լապշինի գործը կարող է միանգամայն հարմար նախադեպ դառնալ, քանի որ Լապշինի հետ կապված միշտ կարելի է պայմանավորվել, բնականաբար՝ Բաքվի կողմից իր առջև դրած քաղաքական նպատակների լուծումից հետո»,- նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, դա Ադրբեջանին բլոգերի արտահանձնման գլխավոր ռիսկն է: Բացի այդ, Ադրբեջանը բավական հաջող պահ է ընտրել ինչպես Ռուսաստանի և Բելառուսի, այնպես էլ՝ Իսրայելի հետ իր հարաբերությունները ճշտելու համար:
Ըստ նրա, Մոսկվան հանուն եռակի քաղաքացիություն ունեցող մարդու փրկության արտառոց քայլերի ակնհայտորեն չի գնա, ինչը չի կարելի ասել իր քաղաքացիների իրավունքների նկատմամբ Իսրայելի նախանձախնդիր վերաբերմունքի մասին: Ըստ որում, Բաքուն լավ հարաբերություններ ունի ինչպես Բելառուսի, այնպես էլ Իսրայելի ու Ռուսաստանի հետ, որոնք Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են: Այս առումով Սաֆարյանը չի կարծում, որ «Լապշինի գործը» կարող է հարցականի տալ դնել գոյություն ունեցող պայմանագրերը, առավել ևս՝ փչացնել Ռուսաստանի ու Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունները:
Լապշինն Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակում» է ներառվել 2011 թվականին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար ցուցակում շուրջ 600 օտարերկրյա քաղաքացի է ներառված, որից 180-ը՝ լրագրող: