Արմինֆո. Ղարաբաղյան հիմնախնդիրն այսօր բացառապես ինչ-որ մեկի ներքին գործը չէ և հազիվ թե տեսանելի հեռանկարում դառնա այդպիսին, համոզված է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Այդ մասին վկայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առկայությունը, հակամարտության քննարկումը միջազգային տարբեր հարթակներում, առավելության հասնելու հակամարտող կողմերի փորձերը, այդ թվում` նաև իրենց արտաքին քաղաքական կապերի շնորհիվ: Բնական է, որ կողմերը նման փորձեր են ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ: Եվ նեղանալ Սերգեյ Լավրովից թե ոչ` այն բանի համար, որ ինքնուրույն լուծման համար Բաքուն ու Երևանը փոխզիջման համար չունեն ոչ բավարար կամք, ոչ ռեսուրսներ, յուրաքանչյուրի գործն է», - նշել է նա:
Հունվարի 17-ին Մոսկվայում ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով «օկուպացված տարածքներում Ադրբեջանի հակաահաբեկչական գործության դեպքում, որը նրա ներքին գործն է» Կրեմլի դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ «քառօրյա պատերազմի արդյունքում հենց Ռուսաստանը, գործնականում, հանդես եկավ գլխավոր միջնորդի դերում` Երևանի, Բաքվի երկուստեք, ինչպես նաև Փարիզի և Վաշինգտոնի համաձայնությամբ վերածնելով եռակողմ բանակցությունները: Այդ լույսի ներքո Մարկեդոնովը Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունում չի տեսնում դիվանգիտական «նոու-հաու» կամ հայտնություն: Նրա գնահատմամբ, Լավրովն, ընդամենը, կատարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական ախտորոշում:
Նրա գնահատմամբ, Ռուսաստանի միջամտության մասին հարցն Ադրբեջանի և Հայաստանի պարադոքսային ղարաբաղյան դիսկուրսի նշանակալի մասն է, որում այդ երկու անկախ երկրները դիմում են երրորդ կողմի, կարծելով, թե հաջողության բանալին այնտեղ է: Մարկեդոնովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե դատապարտված էր գտնվելու բացառապես ադրբեջանական և հայկական օրակարգերի շրջանակից դուրս:
«Ղարաբաղը հայ-ադրբեջանական չափումից զատ միշտ ունեցել է միջազգային ձևաչափ, ինչում շահագրգռված են եղել երկու կողմերը, որոնք տարբեր կերպ են դիտարկել արտաքին միջամտությունը: Ընդ որում, հենց այդ միջամտությունը պայմանավորված է եղել ոչ միայն միջամտող գերտերությունների հետաքրքրությամբ, այլև բուն հակամարտող կողմերի` լրացուցիչ առավելություններ ստանալու ցանկությամբ», - ամփոփել է վերլուծաբանը: