Արմինֆո. ԵԽԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևի նախապատրաստած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը, որում Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է որպես Ադրբեջանի տարածք, և մտահոգություն է հայտնվում «այդ տարածքում» խոսքի ազատությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, հարուցել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության վրդովմունքը:
Մասնավորապես, պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, որ զեկուցող Արիեւն անգամ չի այցելել Լեռնային Ղարաբաղում և չի ծանոթացել իրավիճակին տեղում, այլ իր զեկույցը գրել է «Ադրբեջանի մատուցմամբ»: «Նա ծանոթ չէ մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա: Զեկուցողն անտեսեց այս փաստերն անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվեց այս տեղեկատվությունը, ավելին` նա բացարձակապես մերժեց համագործակցության բոլոր եզրերը: Զեկուցող Արիեւը ոչ միայն չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ եւ հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն ադրբեջանական պրոպագանդայի վրա», - նշել է հայ պատգամավորը: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ապրիլյան պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Միայն ապրիլի 1-8-ը այնտեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող եւս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa եւ այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խոսքը CNN-ի ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը», - հայտարարել է Կարապետյանը:
Հայաստանի պատվիրակության մյուս անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ավելի լավ կլիներ, եթե ուկրաինացի խորհրդարանականն իր զեկույցում բարձրաձայներ սեփական երկրում ԶԼՄ-ներին առնչվող խնդիրների մասին. լրագրողների նկատմամբ բռնություններ և, անգամ, սպանություններ, նրանց մասնագիտական գործունեւթյանը զանգվածային խոչընդոտում, առանձին «անցանկալի ԶԼՄ-ների» փակում: «Դրա փոխարեն Արիևն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին: Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ նա կանխամտածված է հիշատակել Լեռնային Ղարաբաղը` միայն այն բանի համար, որպեսզի իր զեկույցում այն ներկայացնի որպես Ադրբեջանի տարածք, իսկ ԼՂՀ իշխանություններին` որպես անջատական ռեժիմ», - եզրափակել է Զոհրաբյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի օրվա նիստում մերժել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը վերանայելու մասին Հայաստանի պատվիրակության առաջարկությունը: Զեկույցը նախապատրաստել էր ԵԽԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը: Վերը նշված կետում ասվում է, որ ԵԽԽՎ մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ԶԼՄ-ների ազատությունը բացակայում է անդամ երկրների այն տարածքներում, «որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատական ռեժիմների կողմից, մասնավորապես, Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում` Աբխազիայում և Հրավային Օսիայում, Մոլդովայում` Մերձդնեստրում»: Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»: