Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի իր աշխատանքն այդ պաշտոնում: Այդ մասին ԱրԻնֆո-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունում:
Մասնավորապես, նշվում է, որ Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին: «Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյաե են, այսինքն՝ կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշել են դեսպանատան մամուլի ծառայությունում: