Արմինֆո.Հովիկ Աբրահամյանը չի կիսի ՀՀԿ հետագա գործողությունների համար պատասխանատվությունը` ելնելով այլասիրական մղումներից: Առաջին հերթին` հենց դրանով է պայմանավորված նրա հեռանալը կառավարող կուսակցությունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նախկին վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանն արդեն հաստատել է ՀՀԿ-ից իր դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունը, դա պայմանավորելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրությամբ: Աբրահամյանը խոստացել է իր որոշման մասին ավելի մանրամասն պատմել ամենամոտ ապագայում:
«Չեմ կարծում, թե Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նրա վերջին հանդիպումն ինչ-որ կապ ունի այդ որոշման հետ: Իմ կարծիքով, Աբրահամյանի հեռանալն, ավելի շուտ, պայմանավորված է ՀՀԿ շարունակվող ռեբրենդինգով: Եվ այսօր նրա բավականին անցանկալի կերպարը, որին, ամեն ինչից զատ, առնչվում են ապրիլյան և հուլիսյան իրադարձությունները, թվում է այդ տրամաբանական շղթայի շարունակությունը», - նշել է քաղաքագետը:
Մինասյանի գնահատմամբ, ինքը` Աբրահամյանը, շատ լավ գիտակցում է այդ բոլոր իրողությունները: Ուստի նա, ակնհայտորեն, մտադիր չէ շարունակել պատասխանատվություն կրել, պաշտոնապես մնալով կառավարող կուսակցության շարքերում, սակայն, ընդսմին, դրա դիմաց չստանալով ոչինչ:
Հանրապետական կուսակցությունը չի մեկնաբանում իր ականավոր անդամներից մեկի` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն իր շարքերից: Աբրահամյանի որոշման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ՀՀԿ խորհրդի անդամներից գոնե մեկի հետ հեռախոսով կապվելու ԱրմԻնֆո-ի բոլոր փորձերն անհաջող են անցել: Հանրապետականները զանգերին չեն պատասխանում, կամ անջատում են հեռախոսները:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, արդեն հաղորդել է, որ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: ՀՀԿ-ում գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Մեդվեդևն է Աբրահամյանին խորհուրդ տվել դուրս գալ կուսակցությունից` այն բանից հետո, երբ նախկին վարչապետը գանգատվել է, որ հարազատ ՀՀԿ-ում իր դիրքերը բավական խարխլվել են: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետն Աբրահամյանին խորհուրդ է տվել առաջիկա ընտրություններին մասնակցել «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Հայաստան վերադառնալուն պես Աբրահամյանը հանդիպել է որոշ հայտնի հանրապետականների հետ, փորձելով նրանց համոզել միասին լքել ՀՀԿ-ն և միանալ Ծառուկյանի դաշինքին: Թե ինչով են ավարտվել բանակցությունները, չի հաջողվել պարզել, սակայն ինքը` Աբրահամյանը, այդուհանդերձ, դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Իսկ դրանից հետո հանդիպել է Ծառուկյանի հետ` նրա գլխավորած դաշինքին միանալու հարցը քննարկելու նպատակով: Սակայն Ծառուկյանը անսպասելի մերժել է Աբրահամյանին, դա բացատրելով այն հանգմանքով, որ դաշինքին Աբրահամյանի միանալն ընտրազանգվածը ճիշտ չի ընկալի: