Արմինֆո.Հանրապետական կուսակցությունը չի մեկնաբանում իր ականավոր անդամներից մեկի` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն իր շարքերից:
Աբրահամյանի որոշման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ՀՀԿ խորհրդի անդամներից գոնե մեկի հետ հեռախոսով կապվելու ԱրմԻնֆո-ի բոլոր փորձերն անհաջող անցան: Հանրապետականները զանգերին չեն պատասխանում, կամ անջատում են հեռախոսները:
Մինչդեռ Հովիկ Աբրահամյանն արդեն հաստատել է ՀՀԿ-ից իր դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունը, հայտարարելով, որ մտադիր է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Աբրահամյանը խոստացել է իր որոշման մասին ավելի մանրամասն պատմել ամենամոտ ապագայում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, արդեն հաղորդել է, որ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: ՀՀԿ-ում գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Մեդվեդևն է Աբրահամյանին խորհուրդ տվել դուրս գալ կուսակցությունից` այն բանից հետո, երբ նախկին վարչապետը գանգատվել է, որ հարազատ ՀՀԿ-ում իր դիրքերը բավական խարխլվել են: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետն Աբրահամյանին խորհուրդ է տվել առաջիկա ընտրություններին մասնակցել «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Հայաստան վերադառնալուն պես Աբրահամյանը հանդիպել է որոշ հայտնի հանրապետականների հետ, փորձելով նրանց համոզել միասին լքել ՀՀԿ-ն և միանալ Ծառուկյանի դաշինքին: Թե ինչով են ավարտվել բանակցությունները, չի հաջողվել պարզել, սակայն ինքը` Աբրահամյանը, այդուհանդերձ, դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Իսկ դրանից հետո հանդիպել է Ծառուկյանի հետ` նրա գլխավորած դաշինքին միանալու հարցը քննարկելու նպատակով: Սակայն Ծառուկյանի խնամի Աբրահամյանի համար խոսակցության արդյունքն անկանխատեսելի էր. Ծառուկյանը մերժել է ազգականին, հայտարարելով, որ դաշինքին Աբրահամյանի միանալն ընտրազանգվածը չի ընկալի: Մասնավորապես, Ծառուկյանն Աբրահամյանին հիշեցրել է 2015 թվականի փետրվարի նրա ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում, երբ նախկին վարչապետն սպառնացել էր «խելքի բերել» Ծառուկյանին և մի քանի մատնազարկ հասցնել նրա գլխին: «Ինչպե՟ս բացատրել ժողովրդին, որ «ինձ խելքի բերել» սպառնացող մարդը հայտնվել է իմ գլխավորած դաշինքի ցուցակում», - պատասխանել է Ծառուկյանը: Այդպիսով, նախկին վարչապետը հայտնվել է բավականին նրբախնդիր իրավիճակում: Սակայն նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որը Ծառուկյանի փեսան է, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի Ծառուկյանի ցուցակով: