Արմինֆո. ՀՀԿ-ում առայժմ չեն հաստատում այն տեղեկատվությունը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել:
Չնայած դրան` ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդում են, որ կուսակցությունից դուրս գալու որոշումն Աբրահամյանը կայացրել է օրերս` Մոսկվայում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: Ի դեպ, այդ հանդիպման մասին ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել էր, վկայակոչելով սեփական աղբյուրները, ավելի ուշ Աբրահամյանը հաստատել էր այդ տեղեկատվությունը, սակայն հավաստիացրել, որ հանդիպման ընթացքում քաղաքական հարցեր չեն քննարկվել:
Այդուհանդերձ, ՀՀԿ-ում գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Մեդվեդևն է Աբրահամյանին խորհուրդ տվել դուրս գալ կուսակցությունից` այն բանից հետո, երբ նախկին վարչապետը գանգատվել է, որ հարազատ ՀՀԿ-ում իր դիրքերը բավական խարխլվել են: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետն Աբրահամյանին խորհուրդ է տվել առաջիկա ընտրություններին մասնակցել «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում:
Հայաստան վերադառնալուն պես Աբրահամյանը հանդիպել է որոշ հայտնի հանրապետականների հետ, փորձելով նրանց համոզել միասին լքել ՀՀԿ-ն և միանալ Ծառուկյանի դաշինքին: Թե ինչով են ավարտվել բանակցությունները, չի հաջողվել պարզել, սակայն ինքը` Աբրահամյանը, այդուհանդերձ, դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Իսկ դրանից հետո հանդիպել է Ծառուկյանի հետ` նրա գլխավորած դաշինքին միանալու հարցը քննարկելու նպատակով: Սակայն Ծառուկյանի խնամի Աբրահամյանի համար խոսակցության արդյունքն անկանխատեսելի էր. Ծառուկյանը մերժել է ազգականին, հայտարարելով, որ դաշինքին Աբրահամյանի միանալն ընտրազանգվածը չի ընկալի: Մասնավորապես, Ծառուկյանն Աբրահամյանին հիշեցրել է 2015 թվականի փետրվարի նրա ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում, երբ նախկին վարչապետն սպառնացել էր «խելքի բերել» Ծառուկյանին և մի քանի մատնազարկ հասցնել նրա գլխին:
«Ինչպե՟ս բացատրել ժողովրդին, որ «ինձ խելքի բերել» սպառնացող մարդը հայտնվել է իմ գլխավորած դաշինքի ցուցակում», - պատասխանել է Ծառուկյանը: Այդպիսով, նախկին վարչապետը հայտնվել է բավականին նրբախնդիր իրավիճակում: Չի բացառվում, որ նա վերանայի ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը: Սակայն նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որը Ծառուկյանի փեսան է, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի Ծառուկյանի ցուցակով: