Արմինֆո. Ընդդիմադիր դաշտի համախմբումը ձեռնտու չէ միայն այն քաղաքական ուժերին, որոնք փոփոխություններ չեն ցանկանում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Անձամբ ես ընդդիմադիր դաշտի համախմբման կողմնակից եմ»,- նշել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք կընդունեն իր քաղաքական ուղեգիծը: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ դա վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքին, ինչի մասին դեռ քիչ բան է հայտնի: Ուրիխանյանը նույն կարծիքի է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի կողմից ձևավորված դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին: «Ես դրական եմ գնահատում Օհանյանի անձը, սակայն այդ դաշինքի քաղաքական ձևաչափի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հետևաբար՝ համագործակցության մաիսն վաղ է խոսել»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նա ավելացրել է, որ «Համախմբում» կուսակցությունում, որը գլխավորում Վարդան Օսկանյանը, կան անձինք, ովքեր կարող են պիտանի լինել Հայաստանի համար
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե արդյոք բավականաչափ տեղեկություն ունի ձևավորված «Ելք» դաշինքի մասին, և հնարավոր է արդյոք վերջինիս հետ համագործակցությունը՝ Ուրիխանյանը հայտարարել է, որ համագործակցության փորձեր արդեն եղել են: «Դաշինքի անդամ երկու կուսակցությունների առաջնորդների հետ համագործակցության մասին խոսակցություններ եղել են, սակայն դրանք չեն շարոնակվել՝ ինձ անհայտ պատճառներով»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ ԲՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Ուրիխանյանը ցանկանում է համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ և միանալ վերջինիս գլխավորած դաշինքին, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դեմ է դրան: Աղբյուրի համաձայն, Զոհրաբյանը նույնիսկ հարցը կտրուկ է դրել՝ կամ Ուրիխանյանը, կամ ինքը: Ստեղծված իրավիճակը լուրջ խոչընդոտ է դարձել Ծառուկյանի և նրա դաշինքի հետ համագործակցելու Ուրիխանյանի ճանապարհին: