Արմինֆո.«Ելք» նախընտրական դաշինքը մտադիր է վերադարձնել Հայաստանի քաղաքացիներից գողացված երազանքը: Այս մասին հունվարի 21-ին դաշինքի համագումարում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում իշխող ռեժիմը հայ ժողովրդից խլել է նրա երազանքը, գողացել ապագայի հույսը, իսկ մենք մտադիր ենք այն վերադարձնել»,-ընդգծել է Փաշինյանը: Նա նաև նկատել է, որ դաշինքի առաջնահերթությունը մասնակցությունն է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդ որում, նրա կարծիքով, հաղթանակի հնարավորությունները հսկայական են: «Մենք կողմնակիցներ ունենք Հայաստանի բոլոր համայնքներում, մեզ աջակցում են Սփյուռքի հայերը, և մենք պետք է արդարացնենք նրանց հույսերը»,-նշել է նա, հավելելով, որ դաշինքը մտադիր է ստեղծել այնպիսի երկիր, որը չեն լքում, այլ վերադառնում են:
Փաշինյանը նշել է, որ գիտակցում է, թե ինչու վարչապետն ու նրա կառավարությունը 6 ամիս շարունակ չեն կարողանում արմատախիլ անել բանանի ներմուծման մենաշնորհը: «Որովհետև բանանի ներմուծման մենաշնորհը չի պատկանում Միհրան Պողոսյանին, իսկ շաքարինը` Սմվել Ալեքսանյանին, այլ պատկանում է անձամբ Սերժ Սարգսյանին, իսկ նա ընտրությունները կազմակերպում է, որպեսզի պահպանի այդ մենաշնորհները»,-հայտարարել է քաղաքական գործիչը, հավելելով, որ հաղթանակի դեպքում դաշինքն այդ խնդիրը կլուծի 47 րոպեում:
Նա նաև հայտարարել է, որ չի հավատում ղարաբաղյան հակամարտությունը հայկական կողմին ձեռնտու ձևով կարգավորելու վերաբերյալ ՀՀԿ հայտարարություններին: «Ինչպե՞ս կարելի է հավատալ այն ռեժիմի բարի մտադրություններին, որը դատարկում է երկիրը: Եվ ի՞նչ փոխզիջումների մասին է կարող է լինել խոսքը, եթե Ադրբեջանը գնում է 7 մլրդ.դոլարի զենք»,-եզրափակել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել «Ելք» ընտրական դաշինքի ձևավորման, որին մասնակցում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Ի դեպ, առայժմ չեն ավարտվել դաշինքի բանակցությունները Գյումրու «Գալա» կուսակցության, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների հետ: