Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։
Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 19-ին, ի կատարումն ՀՀ վարչապետի նվազ ծախսատար կառավարություն ձևավորելու վերաբերյալ մայիսի 12-ի հանձնարարականի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաղորդել էր, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագիրն իրականացվելու է փուլային եղանակով, և առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Նախապատրաստվել էր վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Առաջարկվել էր, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն, տրվի հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված (ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում նաև՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցվենլ ՀՀ վարչապետի հետ: