Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 16 Հունվարի 2017 17:02

Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն բլոգեր Լապշինի

Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն բլոգեր Լապշինի

Արմինֆո. Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Բելառուսի իշխանությունների կողմից:

 

Ցուցարարները հանդիպում են պահանջել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ, որպեսզի նամակ հանձնեն նրան, սակայն, դիվանագետը դուրս չի եկել նրանց մոտ: 

 

Բողոքի ակցիան նախաձեռնել են ՀՅԴ երիտասարդական թևը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը: Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով: Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինները տուրք չտան Ադրբեջանի կեղծ և ստահոդ պահանջին և հարգեն ազգերի ինքնորոշման և ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը:

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի` իրավական փաստաթղթի վրա, որը հիմնված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասինե օրենքի վրա: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ բնակչության 99%-ը  քվեարկել է անկախության օգտին:  Կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին»:

 

Ավելի վաղ ՀՀ Փաստաբանների պալատը ձևավորել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազի պահանջով անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային և Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին։

 

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

 

Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինին հանձնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը, բայց որևէ որոշում դեռ չի ընդունվել: Բլոգերին արդեն այցելել են Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտակ
Պետք է մարդա մեկական ձկան էժաննոց արհեստական խավիար խանութից գնել ու ճպցնել հենց դեսպանատան դիմացը, իրենց արժեքը ցույց տալու նպատակով Էնքան լցնել որ չկարողանան ներս ու դուրս անել

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1563

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի