Արմինֆո: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հետևողական աշխատանքը է տանում ԵՏՄ-ին միասնական արժույթի նախապատրաստման ուղղությամբ, համոզված է ԵվրԱզԷՍ երկրների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
«Որպես կանոն, նման գործընթացները բավական բարդ են, և դրանց հաջող ավարտն առնվազն 50 տարի է պահանջում: Սակայն, հաշվի առնելով ժամանակի արագընթացությունը՝ կարծում եմ, ԵՏՄ-ն միասնական արժույթ կունենա արդեն 2025 թվականին»,- նշել է նա:
Ընդգծելով ԵՏՄ տարածությունում միասնական արժույթի ստեղծման կարևորությունը՝ Լեպյոխինը նշել է այդ ուղղությամբ ԵՏՀ շրջանակներում տարվող լուրջ աշխատանքը: Ըստ նրա, ԵՏՄ-ում ընդհանուր արժույթի ստեծումը հնարավոր կդառնա հարյուրավոր լուրջ միջոցառումների արդյունքում, որոնց մի մասը ԵՏՀ կողմից արդեն իրականացվել են և շարունակում են հաջող կերպով իրականացվել:
ԵՏՄ-ին Երևանի պաշտոնական միացման օրվանից 2 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացման հարցում առանձնակի առաջընթացի բացակայությունը Լեպյոխինը պայմանավորում է Ռուսաստանի և այդ միության այլ անդամների տնտեսության համար ծանր ժամանակներով:
«Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցեց Ռուսաստանի տնտեսության համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում, Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառում: Այս ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ԵՏՄ անդամ մնացած երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա»,- ընդգծել է նա:
Այս առումով ռուսաստանցի քաղաքագետը գտնում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ակնթարթային դրական արդյունքներ ակնկալելը միամիտ կլիներ: Սակայն, նա համոզված է, որ երկարաժամկետ համագործակցության շրջանակներում նախատեսված զարգացման մի շարք ծրագրեր, անշուշտ, դրական կանդրադառնան հայաստանյան տնտեսության վրա: