Արմինֆո. Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիայի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակի հանձնման հարցի լուծման բանալին երկու կողմերի ձեռքում է, համոզված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հունվարի 12-ին ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն բանին, որ Հայաստանը մինչ օրս չի վերադարձրել դեկտեմբերի 29-ի դիվերսիայի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը, Զախարովան հայտարարել է. «Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ելնում ենք այն բանից, որ երկու կողմերը պետք է իրենց մեջ գտնեն ուժ, իմաստություն և, անպայման, դիվանագիտական հնարավորություններ, ընդհանրապես, օգտագործելու բոլոր հնարավորությունները` այդ չափազանց բարդ իրավիճակը կարգավորելու համար: Դրա լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքերում»:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը նահանջելիս թողել էին Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում: