Արմինֆո. Եվրոպական քաղաքական լանդշաֆտին լուրջ փոփոխություններ են սպասում, կանխատեսում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
«Կարող եմ ասել, որ ես ակնկալում եմ աջ թրենդի ամրապնդում Եվրոպայում: Ողջ հարցն այն է, թե որքան հեռու կգնա այն, և արդյոք վերնախավն ի զորու կլինի վերահսկողության տակ առնել այն, թե կրկին թույլ կտա անսպասելի պոռթկումներ` Թրամփի ընտրվելու կամ Brexit-ի օրինակով: Ընդ որում, ես չեմ սպասում Ֆրանսիայում Մարին Լե Պենի ընտրվելը: Թեև նախագահական տընտրություններում հաղթողը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ֆրանսուա Ֆիյոնը, ստիպված կլինի «յուրացնել» նրա օրակարգի մի մասը», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանն ակնկալում է գործող քաղաքական դասի դեմ քվեարկության ալիք, ինչը եվրոպական քաղաքական գործիչներին դրդում է ծայրաստիճան զգուշավորության: Նրա գնահատմամբ, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում հանրաքվեների արդյունքները Դևիդ Քեմերոնի և Մատեո Ռենցիի ժողովրդականության վկայությունը չեն: Վերլուծաբանը դա համարում է քաղաքական վերնախավի և ժողովրդական զանգվածների հակասությունների նյութական արտահայտություն, որոնք դադարել են հասկանալ, թե ինչ են անում իրենց ղեկավարները:
Լուկյանովը նաև կանխատեսում է բուռն իրադարձություններ ԱՄՆ-ում` նոր վարչակազմի և ընտրություններում պարտություն կրած գործիչների միջև դիմակայության լույսի ներքո: Նրա գնահատմամբ, ռուսական թեմատիկան դարձյալ կլինի այն խոյը, որի օգնությամբ դեմոկրատները կփորձեն շրջափակել Թրամփի գործողությունները:
«Եվ, իհարկե, ամերիկաչինական հարաբերությունների անկյունաքարերը գրթե փշրելու ԱՄՆ նոր նախագահի մտադրության լույսի ներքո չի ձանձրանա նաև Չինաստանը, որն, ի դեպ, նախապատրաստվում է շատ կարևոր համագումարի, որի նախաշեմին երկրային կայսրության քաղաքական համակարգում ամեն ինչ փոքր-ինչ լարվել է և այդ վիճակում կգտնվի, առնվազն, ողջ 2017 թվին», - ամփոփել է վերլուծաբանը: