Արմինֆո.ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյում, առաջին անգամ տեղի ունեցավ «Դատական թունաբանության արդի հիմնախնդիրները» թեմայով վեբինար՝ Իսպանիայի թունաբանության և դատական փորձաքննությունների ազգային ինստիտուտի հետ, որը հանդիսանում է Դատափորձագիտական Հաստատությունների Եվրոպական Ցանցի (ENFSI) գործընկեր կազմակերպություն:
Դա Իսպանիայի խոշորագույն փորձագիտական կառույցն է, բաղկացած 4 մասնաճյուղից, որի գլխամասային ստորաբաժանումը գտնվում է Մադրիդում: Հայկական կողմից վեբինարին մասնակցում էին փորձաքննությունների ազգային բյուրոյի քիմիական, տոքսիկոլոգիական և բժշկակենսաբանական բաժինների աշխատակիցները՝ կազմակերպության տնօրեն Արտաշես Ջավադյանի և տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ: Իսպանական կողմը ներկայացնում էին հաստատության առաջատար մասնագետները՝ քիմիական դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Թերեզա Թանայի գլխավորությամբ, ինչպես նաև համապատասխան բաժինների աշխատակիցներ Օսկար Կուինտելան, Էլենա Ալմարզան և Մարիա Մարտինեզը: Առաջին տեսակոնֆերանսը կրում էր ծանոթական և ճանաչողական բնույթ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին դատաբժշկական թունաբանության ընդհանուր խնդիրները ներկա փուլում: Միևնույն ժամանակ, հայ փորձագետները հնչեցրեցին ակտուալ հարցեր, որոնք նախապես ներկայացվել էին իսպանացի մասնագետներին, ինչը թույլ տվեց իրականացնել առարկայական երկկողմ քննարկումներ: Հարցերի շրջանակը ծավալուն էր. մոտ մեկ տասնյակ թեմաներ, սկսած կենդանի անձանց կենսամիջավայրերում և դիականյութում թմրանյութերի, հոգեներգործուն նյութերի, այդ թվում, թունավոր և այլ նյութերի հայտնաբերումից եւ նույնականացումից, վերջացրած Եվրոպական «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում գիտագործնական համագործակցության հարցերով:
Մեր մասնագետներին հետաքրքրում էին իսպանական գործընկերների աշխատանքի մեթոդներն ու մեթոդաբանությունը: Բոլոր հարցերին ստացվեցին հակիրճ, բայց սպառիչ պատասխաններ: Նշենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համացանցի միջոցով մի շարք հարցերի շուրջ առավել մանրամասն տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Վեբինարների շարքը շարունակվելու է գալիք 2017 թ.-ին: