Արմինֆո.Ռուսաստանի դեսպանատունն ամփոփել է 2016 թվականի արդյունքները:
Լրագրողների հետ հանդիպումն սկսվել է մեկ րոպե լռութամբ՝ ի հիշատակ ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն իր ելույթի ժամանակ նշել է, որ այդ ողբերգական իրադարձությունն այս տարի տեղի ունեցած ցավալի իրադարձությունների շարքում է: «Բոլորս շատ լավ հիշում ենք ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, երբ բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Բոլորը շատ լավ հիշում են, որ այդ իրադարձությունների ժամանակ արձանագրվել են զոհվածների մարմինների խոշտանգման դեպքեր բարբարոսների, պարզապես ահաբեկիչների կողմից. այլ կերպ չի կարելի անվանել այն, ինչ նրանք են արել»,- ասել է ռուս դիվանագետը:
Միաժամանակ նա նշել է, որ այսօր հայտնի է դարձել, որ Հալեպում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորումների աջակիցներ, և, ինչպես արդեն հայտնել են սիրիական կառավարական զորքերը, նրանց մոտ եղել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների անձնագրեր, այսինքն՝նրանք այդ երկրների քաղաքացիներ էին: Նրա խոսքով, այժմ միագամայն հասկանալի է, թե ինչու այդ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտպանում էին, այսպես կոչված, սիրիական ընդդիմադիր ուժերին. պարզապես վախենում էին իրենց քողազերծումից:
«Այս տարի եղել են նաև դրական կողմեր, չմոռանանք նաև դրանց մասին: Այսպես՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը հաջող էր, վերջապես հաջողվեց հավանություն տալ Կազմակերպության ռազմավարությանը, ինչը չէր հաջողվում անել երկար տարիներ: Բացի այդ, բացվեց ճգնաժամային արձագանքման կենտրոն, տեղի ունեցան ՀԱՊԿ ՕԱՀՈւ զորավարժություններ, ահաբեկչությանը հակազդման լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեցին»,- ասել է Իվանովը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ բավական լավատեսական ձեռքբերումներ արձանագրվեցին Եվասիական տնտեսական միության շրջանակներում: Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, համաշխարհային բացասական միտումների լույսի ներքո Հայաստանին հաջողվել է բավական շահաբաժիններ ստանալ հիշյալ ինտեգրացիոն միությունից, և ավելի էական արդյունքների հեռանկարներ կան:
«Միջազգային տնտեսական անկման պայմաններում մենք առաջ ենք շարժվում, և դա ամենագլխավորն է: Իրականացվել են մի շարք հետաքրքիր և կարևոր ծրագրեր, և հուսով ենք, որ մեզ կհաջողվի շարունակել դա նույն հունով գալիք տարում»,- ամփոփել է դիվանագետը: