Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում որևէ զիջման մասին խոսելը տեղին չէ: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարի ժամանակ:
«Որևէ նոր բան նրա ելույթում չկար: Առաջին նախագահը միշտ հանդես է եկել նման դիրքերից, և խոսելով կարգավորման մասին՝ նա նկատի ունի փոխադարձ զիջումները, որոնք անտեղի են, քանի որ հակամարտության երկրորդ կողմը նման մտադրություն չունի»,- նշել է նա: Վարդանյանը գտնում է նաև, որ հայկական կողմը պետք է եզրակացություններ անի ապրիլյան պատերազմից: « Վերջիվերջո, խաղաղություն չեն խնդրում. այն նվաճում են և պարտադրում»,- նշել է նա:
Նշենք, որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթում կարմիր գծով անցնում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս հայկական կողմից տարածքային զիջումների անհրաժեշտությունը: Տեր-Պետրոսյանի կարծիքով, եթե հայկական կողմը չգնա այդ զիջումներին, հետագայում կհայտնվի ավելի բարդ իրավիճակում: Նա նաև Ալիևին որակել է կառուցողական առաջնորդ, իսկ Հայաստանի իշխանություններին կշտամբել է այն բանի համար, որ նրանք բավականաչափ հստակ և միանշանակ չեն խոսում զիջումների անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Թուրքիային` նա հայտարարել է, որ Անկարան Հայաստանի նկատմամբ ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել` բացի սահմանների շրջափակումից, և եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորմվի, ապա հայ-թուրքական հարաբերությունները կնորմալանան առանց որևէ լրացուցիչ ջանքի: Տեր-Պետրոսյանը նաև քննադատության է ենթարկել «ազգ-բանակ» հայեցակարգը` դա համարելով Հայաստանի համար ոչ արդյունավետ: