Արմինֆո.Բրյուսելի հնարավորություններն Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում նեղացնում է սեփական սուբյեկտության դեֆիցիտը, ուղղակի կամ անուղղակի Ռուսաստանին դիմակայելու ձգտումը, ինչպես նաև Թբիլիսիին և Բաքվին միանշանակ աջակցությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Այսպիսով՝ եվրոպական կառույցների ներգրավվածությունը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը ոչ վերջին հերթին աշխարհաքաղաքական մոտիվացիա ունի: Եվ այն, որ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եվրոպացի գործընկերները մտնում ենմ ՆԱՏՕ-ի մեջ, չի կարող չազդել այդ երկրներում վերջիններիս կողմից իրականացվող «հումանիտար» ծրագրերի վրա»,- նշել է նա:
Մոսկվայի և Բրյուսելի արդյունավետ երկխոսությունն արգելակող գործոնների թվում փորձագետը նշել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Ըստ նրա, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ եվրոպական կառույցների ակտվությունն ինչպես ներքին կայունության, այնպես էլ այդ պետությունների միջպետական հարաբերությունների վրա ազդող գործոն է: Այս առումով Արեշևն ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորի վերջերս արած հայտարարությունը Եվրախորհրդի և Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության երկրների համար 2018-2020 թթ. համագործակցության շրջանակային ծրագրի երկարացման հնարավորությունը քննարկելու մասին:
Եվրոպացիների հետաքրքրությունները Կովկասում, ըստ նրա, հիմնականում պայմանավորված են պրագմատիկ նկատառումներով՝ տեղական շուկաների յուրացում, բնապաշարների օգտագործում, էներգետիկ անվտանգություն և այլն: Արեշևը գտնում է, որ Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու ձգտումը, տեղական ընտրախավերի վրա ազդեցության ենթակառուցվածքի ամրապնդումը կտրուկ ուժեղացրել են Արևմուտքի դիրքերը Վրաստանում՝ բարդացնելով վերջինիս փոխհարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: Եվ այդ ամենը տեղի է ունեցել պարբերաբար երկրորդ պլան հեռացող և Եվրոպային «քարտ-բլանշ» տրամադրող ԱՄՆ առաջատար դերի պայմաններում:
«Այնուամենայնիվ, օգտագործելով «փափուկ ուժ» և քարոզելով եվրոպական նոր արժեքներ՝ արևմտյան գործընկերները ձգտում են ամեն կերպ ամրապնդել իրենց ազդեցությունը, ամենից առաջ՝ երիտասարդության և բնակչության ակտիվ խմբերի շրջանում: Արևմտյան երկրների կովկասյան քաղաքականության ոչ պակաս մաս է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը վերաբերում է ամենից առաջ Վրաստանին: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ նույնպես իրականացվում են առանձին ծրագրեր, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահության ոլորտում»,- ամփոփել է փորձագետը: