Արմինֆո.Մեծ Բրիտանիան մտահոգված է ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Մենք ցավում ենք կորսված բոլոր կյանքերի համար: Իհարկե, դա ամրապնդում է մեր այն համոզմունքը, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է հանգեցնել տևական խաղաղության: Եվ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պետք է փորձեն երկխոսություն սկսել: Հարկավոր է վերականգնել հարաբերությունները խաղաղ, կառուցողական հունում և վստահություն ստեղծել կողմերի միջև», - ասել է դիվանագետը:
Նա նաև հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում տեղյակ են այն մասին, որ Հայաստանում քննադատում են ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումը, նրան մեղադրելով կանխակալության համար` Ադրբեջանի հետ էներգետիկ փոխգործակցության առնչությամբ: «Սակայն այդ կարծիքը սխալ է: Ղարաբաղյան հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը լիովին համահունչ է մեր եվրոպական գործընկերների և, հիմնականում` ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը: Այդ դիրքորոշումը խոսում է այն մասին, որ մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մշակած սկզբունքները, որոնց շրջանակում պետք է կառուցվի խաղաղ երկխոսւոթյունը: Մեր դիրքորոշումը լիովին համապատասխանում է բոլոր եվրոպական գործընկերների դիրքորոշմանը», - ասել է դիվանագետը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղին օգնության ծրագրերին ֆինանսական աջակցության կրճատման պատճառների մասին` դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիան միշտ ուրախ է եղել մասնակցել նման նախաձեռնություններին տարածաշրջանում: «Մենք շարունակում ենք մասնակցել տարածաշրջանում նման նախաձեռնություններին, սակայն բարելավել ենք փոխգործակցությունը մյուս խաղացողների և գործընկերների հետ` վստահ լինելու համար, որ միևնույն աշխատանքը երկու անգամ չենք կատարում: Այսպես, այս տարի բազմաթիվ նախաձեռնություններ անցել ԵՄ բազմաթիվ գործընկերների աջակցությամբ, այսինքն, աջակցությունը շարունակվում է, սակայն փոխվել են ֆինանսավորման աղբյուրները», - նշել է դիվանագետը:
Նա նաև հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան բաց է նախաձեռնությունների համար, և ֆինանսական աջակցության կրճատումը քաղաքական որոշում չէ: