Արմինֆո. Հույս կա, որ 2017 թվի սկզբին Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն նոր համափարպակ համաձայնագիր: Դեկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Օրերս Բրյուսելում կայացավ մեր երկրի համար կարևոր իրադարձություն` Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը: Եվ հույս կա, որ արդեն 2017 թվականի սկզբին կգործի նոր համաձայնագիր, որը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի պարզեցված տարբերակն է», - նշել է փորձագետը: Այդ համատեքստում նա հավելել է, որ համաձայնագիրը կներառի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բաղադրիչ: Նրա ասելով, Հայաստանը կարող է մասնակցել բոլոր այն տնտեսական ծրագրերին, որոնք չեն հակասի ԵԱՏՄ շրջանակում նրա ստանձնած պարտավորություններին:
Մինասյանը նաև կարծում է, որ այդ փաստաղթի ստորագրումը թույլ կտա բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ` Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը: Դեռ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: