Արմինֆո.Change.org կայքում Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու պահանջով
հանրագիր է հայտնվել՝ ուղղված Եվրախորհրդին և եվրոպական օմբուդսմենին:
«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման հետ կապված՝ ՄԱԿ-ի 2015 թ. սեպտեմբերի 11-ի A/RES/69/323 բանաձևից ելնելով՝ կոչ ենք անում չլռել, այլ դատապարտել տասնյակ տարիներ տարբեր կերպ շարունակվող Թուրքայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ինչն օրինաչափորեն հանգեցնում է նորանոր ցեղասպան գործողությունների:
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն ուշադրությունը հրավիրում եքն աշխարհի երկու առավել թեժ տարածաշրջանների վրա, որտեղ շարունակվում են ցեղասպան քաղաքականությունը և ցեղասպան գործողությունները՝ Արցախի և Սիրիայի: Եվ այս երկու տարածաշրջաններում հիմնական պատճառն այդ երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռասիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունն է»,- նշվում է հանրագրում:
Ընդգծվում է նաև, որ համաշխարհային տերությունները, կրոնական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական պաշտոնական կառույցները ոչ մի անգամ պատշաճ կերպով չեն դատապարտել Ադրբեջանի հերթական հանցագործություններն ապրիլին, ինչպես մինչ այդ չեն դատապարտել վերջինիս բազմամյա ցեղասպան քաղաքականությունը: «Այդ կազմակերպություններն իրենց այսրոպեական շահի համար չեզոք դիրք են զբաղեցրել՝ հավասարության նշան դնելով ագրեսորների և նրանց ագրեսիայի օբյեկտների միջև»,- ընդգծում են հեղինակները:
Նշենք, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, Հայաստանի նախաձեռնությամբ, միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: