Արմինֆո. Հայաստանում ռուսական նոր ռազմակայաններ ստեղծելու անհրաժեշտություն չկա, բավական է «ռազմական հզորություն հաղորդել» եղածին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում:
«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ռազմակայանը բոլոր հնարավորություններն ունի ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջված լինել: Այդ պատճառով փոքրիկ Հայաստանում, կարծում եմ, բավարար է մեկ ռազմակայանը, հարկավոր է, պարզապես, այդ ռազմակայանին ռազմական հզորություն հաղորդել»,- նշել է Սարգսյանը:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում: 2010 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ-ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել 102-րդ ռազմակայանի գործողության ժամկետը մինչև 2044 թիվը երկարաձգելու շուրջ: Նաև նախատեսվում է ընդլայնել դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները: