Արմինֆո. Գերմանիան չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը` մեկնաբանելով իրավիճակի սրումը հակամարտության գոտում և այդ փաստի ազդեցությունը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցում:
«Մեր դիրքորոշումը փոփոխություն չի կրել: Անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը զորքերի շփման գծում, վերականգնել հրադադարի ռեժիմհը: Մենք ողջունում ենք ցանկացած գաղափար կամ առաջարկություն, որը կնպաստի իրավիճակի կայունացմանը», - ամփոփել է Կիսլերը:
Հիշեցնենք, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Բացի այդ, նոյեմբերի 11-18-ն Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում, որում ներգրավված են ավելի քան 60 հազար զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 տանկ և այլ մարտական տեխնիկա, ինչպես նաև շուրջ 50 մարտական ուղղաթիռ և ինքնաթիռ:
Դեկտեմբերի սկզբին Համբուրգում կայանալու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, նիստի շրջանակում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: