Արմինֆո. ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել և կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կանխելու ադրբեջանական արկածախնդրությունը: Այդ մասին նոյեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, որ իրավիճակն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրկին լարված է, քանի որ հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից գնդակոծում է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը
հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով:
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից: Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ <<Սև նետ>> (8 կրակոց) և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
Նշենք, որ ավելի վաղ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Նոյեմբերի 11-ից 18-ն անց են կացվելու ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայողներ, 700 հրթիռահրետանային կայանքներ, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ուստի, ողջ հայ ժողովրդին, քաղաքական ու հասարակական հոսանքներին կոչ ենք անում վտանգաշատ այս օրերին մի կողմ թողնել այսրոպեական խնդիրները, համախմբվել Հայկական բանակի շուրջ, ուշադրությունը բևեռել առաջնագծի վրա և առավել քան զգոն ու միասնական լինել: Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: