Արմինֆո.ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը Երևանում հույս է հայտնել, որ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը և նախարարների կաբինետի անդամները կարող են գտնել երկրի տնտեսության զարգացման ուղիներ:
Նրա համոզմամբ, Հայաստանի հիմնական խնդիրը բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակն է: «Մեր տյալներով, Հայաստանում բնակչության շուրջ 30%-ն աղքատ է, և դա վատ է: Հետևաբար, անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, որպեսզի ժողովուրդն ապրի արժանապատիվ», - այսօր հայտարարել է Ռիժկովը լրագրողներին:
Ռուսաստանի քաղաքական գործիչը նաև մեկնաբանել է 2017 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Հուսով ենք, որ նոր ուժեր կմտնեն խորհրդարան, սակայն նաև կպահպանվի այն կորիզը, որը լավ է աշխատել այս տարիների ընթացքում», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Պատասխանելով զենքի ռուս-ադրբեջանական գործարքներին առնչվող հարցին` Դաշնության խորհրդի անդամը հայտարարիել է, որ Մոսկվան իրավիճակը սրելու նպատակ չի հետապնդում: «Այո, իրոք զենքի առևտուր ենք անում: Դա չի նշանակում, որ մենք հատուկ ենք վաճառում, որպեսզի պայքար ընթանա», - ասել է նա:
Ընդ որում, Ռիժկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: «Հարկավոր է արագ լուծել ղարաբաղյան հարցը, այն ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի», - ամփոփել է նա:
Հարկ է նշել, որ Բաքվի կողմից գնվող զենքի մինչև 85 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ, ընդհանուր առմամբ, վերջին չորս տարում Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարումներն ավելացել են 3,5 անգամ: Հայ հասարակության շրջանում համոզմունք կա, որ Մոկսվան ոչ միայն անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հայաստանի հանդեպ, այլև, գործնականում, սատարում է Ադրբեջանին` նրան օգնելով հզորացնել իր զինված ուժերը և պայմաններ ստեղծելով Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար: