Արմինֆո. Առաջին տպարանի շենքի պայթեցումից հետո ՀՀ Մշակույթի նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ 100-ամյա պատմություն ունեցող շենքերը մշակութային արժեք կհամարվեն: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Առաջարկվող նախագծի ընդունումից հետո հարյուրամյա պատմություն ունեցող շենքերի սեփականատերերն ստիպված կլինեն պահպանել դրանք՝ որպես մշակութային հուշարձաններ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել օրինագծի մշակման համար:
Նշենք, որ Առաջին տպարանի շենքի պայթեցումից հետո Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ այդ շենքը ճարտարապետական արժեք չունի, քանի որ ներառված չէ պատմական ժառանգություն համարվող շենքերի ցուցակում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ