Արմինֆո. Ապրիլյան պատերազմը սառեցրեց ղարաբաղյան հակամարտությանն առնչվող Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունները: «Ամերիկայի ձայնին» այդպիսի կարծիք է հայտնել հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանը:
Նրա ասելով, եթե մինչեւ ապրիլյան պատերազմ իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, ապա քառօրյա պատերազմը սառեցրեց որոշ ռազմատենչ տրամադրություններ: «Ապրիլից հետո պատերազմի հնարավորությունը նվազել է, որովհետեւ այն սկսող կողմը պետք է լիներ Ադրբեջանը, իսկ ապրիլն ապացուցեց, որ պատերազմով խնդիրը կարգավորել հնարավոր չէ եւ դա հաշվի առնելով կասկածում եմ, որ այսօր Ադրբեջանը կրկին չի փորձի գնալ նման քայլերի», - ասել է Գամագելյանը:
Վերլուծաբանի կարծիքով սակայն, ապրիլյան պատերազմից եւ զոհերից հետո կողմերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ ո՛չ հայկական ոչ էլ ադրբեջանական կողմը զիջումների պատրաստ չեն:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչը համամիտ է, որ ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել մոտ ապագայում: Նախկին դիվանագետի կարծիքով սակայն, ապրիլից հետո ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղիով է ընթանում. «Այժմ մենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության իրավիճակում ենք եւ դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, քան կար մինչ ապրիլ, քանի որ այժմ երկու կողմերը տեսան, որ ռազմական ուղին միակ ճանապարհն է պահպանել իրենց դիրքերը ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ միջազգային ասպարեզում»:
Ռիչարդ Կազլարիչի խոսքով, ձմռան ցրտի պայմաններում ղարաբաղյան հակամարտության շրջանում պատերազմը քիչ հավանական է, սակայն առաջիկա գարունը կարող է իր հետ վտանգավոր իրավիճակ բերել: