Արմինֆո. Ազգային և պաշտպանական անվտանգության ռազմավարության վերանայումն առաջնային պետք է լինի Հայաստանի պաշտպանության նոր նախարարի համար: Այդպիսի համոզմունք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, հիշեցնելով, որ ռազմավարությունը մշակվել է 2007 թվականին և չի համապատասխանում առկա ռազմաքաղաքական իրականությանը: Փորձագետի կարծիքով, ապրիլյան իրադարձությունների ընթացքում հայկական կողմի բացթողումները պայմանավորված են նաև այդ գործոնով:
Ընդ որում, անդրադառնալով ԱրմԻնֆոյի թղթակցի այն դիտողությանը, որ տարեսկզբին Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ժամանակ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե «Սանձահարումը/զսպումը» Հայաստանի դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, Մինասյանը նշել է, որ դա անհիմն հայտարարություն էր` առանց փաստաթղթային հիմնավորման: «Այսինքն, տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը թելադրում է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ անցնեն հենց հակառակորդի զսպման հայեցակարգի, սակայն մինչ օրս համապատասխան փաստաուղթ չի մշակվել: Կարծում եմ, որ նորմատիվային բազայի կարգավորումը պետք է առաջնային լինի Հայաստանի պաշտպանության նոր նախարարի համար, անկախ այն հանգամանքից, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը` ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը թե մեկ ուրիշը», - նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով պաշտոնական Բաքվի արձագանքը ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսին, Մինասյանը նշել է, որ արձագանքը հիստերիկ էր և միանգամայն սպասելի: «Կարծում եմ, որ շուտով Ադրբեջանը դուրս կգա շոկային վիճակից և կսկսի ակտիվորեն զինվել` վերստին սպառազինության առավելություն ապահովելու նպատակով: Քանզի միանգամայն հասկանալի է, որ վերջին շրջանում Հայաստանի ձեռք բերած զենքը թույլ է տվել վերականգնել խախտված հաշվեկշիռը և կոկտրել պաշտոնական Բաքվի ամբարտավանությունը», - կարծում է Մինասյանը: Նրա ասելով, հենց այդ գործոնն է Ադրբեջանին ստիպում ձգձգել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը:
«Կարծում եմ` պարտադիր չէ, որ հաջորդ հանդիպումն ընթանա Փարիզում, դա կարող է լինել ցանկացած այլ քաղաք, սակայն ենթադրվում է, որ այն կազմակերպվելու է ֆրանսիական կողմի ջանքերով: Հարցն այն է, որ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, Երևանում կայացած զորահանդեսը կրճատել են Ադրբեջանի խուսավարման դաշտը, և հաջորդ հանդիպումը կնշանակի վերադարձ բանակցությունների նախաապրիլյան փուլ և գոյություն ունեցող ստատուս-քվոյի ամրապնդում, ինչին այդպես դեմ է պաշտոնական Բաքուն», - եզրափակել է քաղաքագետը: