Արմինֆո.ԵՄ և Հայաստանի միջև նոր համաձայնության շուրջ բանակցություններն այս աշնանը մտնում են շատ կարևոր մի փուլ: Այդ մասին հայտարարել է Երևանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին` «Ազատության» հետ զրույցում:
Նա, մասնավորապես, հաղորդել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա գալիք շաբաթ Բրյուսելում: «Մի շարք այլ հանդիպումներ արդեն նախատեսված են, մասնավորապես, հոկտեմբերին նախատեսված է առևտրի հարցերի շուրջ հանդիպումը: Այնպես որ, կարծում եմ, որ երկու կողմում էլ առկա է պատրաստակամություն` պահպանել բանակցությունների լավ ընթացքը: Ի սկզբանե երկու կողմերն էլ համաձայնել են, որ վերջնաժամկետներ չենք օգտագործի, բայց ես կարող եմ Ձեզ ասել, որ Եվրամիության կողմից կա պատրաստակամություն՝ ավարտել բանակցությունները ինչքան հնարավոր է շուտ: Եվրամիությունն, անշուշտ, ունի իր կարմիր գծերը: Եվրամիությունն ունի շատ հստակ մոտեցումներ որոշ խնդիրներին: Բայց կարծում եմ, որ փոխզիջման հնարավոր է հասնել, և շուտով կարող ենք ունենալ արդյունք», - նշել է Սվիտալսկին:
ԵՄ դեսպանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի բարեփոխումները, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, որոնք սկսվել կամ մշակվել էին հրաժարական տված վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից: «Ողջունում եմ նոր վարչապետի հայտարարությունը, որ նոր կառավարությունը կփորձի շարունակել աշխատանքը որոշ բարեփոխումների շուրջ, որոնք հայտարարվել կամ մշակվել են նախորդ կառավարության կողմից: Հուսով ենք, որ նոր կառավարությունը կշարունակի այս նախաձեռնությունները՝ հատկապես լավ կառավարման և հակակոռուպցիոն պայքարի հետ կապված: Համոզված եմ՝ դա այդպես կլինի: Մենք՝ Եվրամիությունը, պատրաստ է աջակցել նոր կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում: Հուսով ենք, որ մեր աջակցությունը օգտակար կլինի նոր կառավարության համար: Մենք պատրաստ ենք: Մենք ցանկանում ենք շատ սերտ աշխատել նոր կառավարության հետ և մաղթում ենք նոր կառավարությանը, նոր վարչապետին ամենայն հաջողություն Հայաստանում դրական փոփոխություններին հասնելու համար», - եզրափակել է ԵՄ դեսպանը: