Արմինֆո.Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ներքին և արտաքին հրատապ հարցերի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստեր է պահանջում:
Այսօր աշնանային նստաշրջանի սկզբում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ ՙՍասնա ծռերի՚ կողմից ՊՊԾ գնդի զավթման դրամատիկ իրադարձությունների ժամանակ ԱԺ-ն այդպես էլ չի ընդհատել իր արձակուրդները և ոչ մի կերպ չի արձագանքել ստեղծված ճգնաժամային իրավիճակին, ինչն անթույլատրելի է բարձրագույն օրենսդիր մարմնի համար: Նա հայտարարել է, որ այդ հարցի շուրջ պետք է արտահերթ նստաշրջան անցկացվի. ՙՄարդիկ արդեն շնչահեղձ են լինում՝ ելք չտեսնելով հանրապետությունում ստեղծավծ ճգնաժամային իրավիճակից, նրանք արդեն դիմում են պայքարի ծայրահեղ մեթոդներից, իսկ մեծ մասը փրկությունը տեսնում է արտագաղթի մեջ: Ազգային ժողովը չի կարող այսուհետ ևս անտեսել ստեղծված իրավիճակը՚:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես բարձրացրել է ԱԺ միանգամից մի քանի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտության հարցը՝ թե ՊՊԾ գնդի շենքի զավթման իրադարձությունների, թե ապրիլյան պատերազմի հետևանքների շուրջ: ՙԲոլոր նրանք, ովքեր մեղավոր են հայկական տարածքների կորստի համար, պետք է պատասխանատվություն կրեն, մենք պետք է քննարկենք այդ հարցն ԱԺ-ում, ինչպես նաև այն իրավիճակը, որը հանգեցրեց հուլիսյան իրադարձություններին: Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, պաշտոնատար անձինք բանտ նստեն յուրացման և թալանի համար, հակառակ դեպքում՝ ՊՊԾ շենքից հետո հաջորդը կգրավվի նախագահական նստավայրը՚,- հայտարարել է Փոստանջյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջել է պարզաբանումներ ստանալ լիազոր մարմիններից, թե ինչու են անտեսվում բանտարկյալների, մասնավորապես՝ ՙՍասնա ծռերի՚ անդամների հետ տեսակցության պատգամավորների օրինական իրավունքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացել է պարզել իրավիճակը: