Արմինֆո. Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն ՙՆոր Հայաստան՚ շարժման համակարգող Անդրիաս Ղուկասյանի և հուլիսյան իրադարձություններից հետո այլ կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցը: Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքենենի՝ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա հիշեցրել է, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում կալանավորվել են բողոքի խաղաղ ակցիաների ակտիվիստներ և մասնակիցներ, ավելի քան 40 մարդ դատապարտվել է նախնական կալանքի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա նշել է, որ կալանավորվածների թվում էին՝ Անդրիաս Ղուկասյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը: ՙԽուրշուդյանի, Մարտիրոսյանի և Սանասարյանի գրավի դիմաց ազատ արձակումը կարևոր քայլ է: Սակայն, Հայաստանի կողմից մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների լիակատար պահպանումը ցույց տալու համար պետք է վերանայվեն Ղուկասյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև տասնյակ նմանատիպ գործեր՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել կալանավորման պատճառները հիմնավորելու համար: Ըստ որում, նշվում է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքում, և չպետք է Հայաստանի իշխանությունների քննադատների անիրավաչափ պատժի միջոց հանդիսանա:
ՙԽախտելով միջազգային չափանիշները՝ դատարանները կալանքի վերաբերյալ որոշումներ են կայացրել՝ չունենալով ապացույցները, պատճառաբանելով, որ նրանք կարող են թաքնվել՚,- նշել է փորձագետը: ՙՉհիմնավորված նախադատային ձերբակալությունն ահազանգ է այն մասին, որ կառավարությունն այդ կերպ փորձում է լռեցնել այն անձանց, ովքեր կարող են մոբիլիզացնել ընդդիմությանը՚,- նշել է նա:
Փորձագետը նշել է, որ օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին, ով, նրա փաստաբանի խոսքով, դատական նիստի ժամանակ հայտարարել էր ազատ արձակվելուց հետո ընդդիմադիր գործունեությունը շարունակելու մտադրության մասին:
Բյուքենենը նշել է նաև, որ բողոքի հուլիսյան ակցիաները հիմնականում խաղաղ բնույթ են կրել՝ ցուցարարների կողմից բռնության առանձին դեպքերով: Ըստ որում, նա նշում է, որ ՙզանգվածային անկարգություններ՚ հիշեցնող ոչինչ տեղի չի ունեցել: