Արմինֆո. ԵՄ-ն և Հայաստանն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա, EU Neighbours East project-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, Հայաստանը լայն առումով եվրոպական ընտանիքի անդամ է և մշակութային առումով կիսում է այն արժեքները, որոնք եվրոպացիներն իրենցն են համարում: Դա ճշմարտության ձգտումն է, բազմազանության նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունը, և այս առումով հայերն այնպիսին են, ինչպիսին եվրոպական ընտանիքի մյուս անդամները:
Քաղաքական առումով, դեսպանի խոսքով, ընդհանուր եվրոպական ինքնությունը կապված է երեք հիմնարար արժեքների` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ: Դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ` Հայաստանը հաստատել է իր հավատարմությունն այդ արժեքներին: ՙԱյս առումով ԵՄ-ն և Հայաստանն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա՚,- նշել է նա:
Սվիտալսկիի խոսքով, երբեմն այստեղ՝ Հայաստանում, որոշ մարդիկ կարծում են, թե հայ հասարակությունն այնքան պահպանողական է, որ, այսպես կոչված, եվրոպական արժեքները չափազանց լիբերալ են վերջինիս համար: Նրանք անտեսում են այն փաստը, որ եվրոպական ինքնության տարրերից մեկը բազմակարծությունը և բազմազանությունն է: Եվրամիության ներսում, նշել է դեսպանը, անշուշտ, կան ավելի պահպանողական հասարակություններ:
ՙԵվրոպայի գեղեցկությունը մշակույթների հարստությունն է, և այդ հանգամանքը բավարար է, որպեսզի հայերն արժեքների տեսակետից Եվրոպայում իրենց զգան ինչպես տանը՚,- ընդգծել է նա: Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի և ԵՄ միջև գործընկերությունը ինչու է այդքան կարևոր Եվրոպայի համար, ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ դարեր շարունակ Հայաստանը համարել է իրեն եվրոպական պետություն: Հայաստանն առաջին պետությունն է պատմության մեջ, որ ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պաշտոնական կրոն, հետևաբար՝ տեղական հեռանկարի տեսակետից, կամուրջը Հայաստանի և Եվրոպայի միջեւ շատ ամուր է: Եվրոպայի համար Հայաստանը ոչ միայն արևելյան հարևանության մի մասն է, այն գտնվում է տարածաշրջանում, որտեղ ռիսկեր են ստեղծվում, և եվրոպացիները մտահոգված են, թե ինչ է այստեղ տեղի ունենում: Այդ պատճառով Եվրամիության համար Հայաստանը կարևոր նշանակություն ունի՚,- ասել է Սվիտալսկին: Լինելով փոքր, մասնակի մեկուսացված երկիր՝ Հայաստանը կարևոր է Եվրոպայի համար, քանի որ Եվրոպան Ասիայի հետ կապող դարպասներից մեկն է:
Խոսելով Հայաստանի վրա ԵՄ ազդեցության մասին՝ Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն կարեւոր գործոն է Հայաստանում: ՙՄենք թիվ մեկ միջազգային դոնորն ենք, թիվ մեկ արտասահմանյան ներդրողը և թիվ մեկ արտաքին առեւտրային գործընկերը: Բայց մեր փոխհարաբերություններն ավելին են, քան առեւտրի, ներդրումների և համագործակցության զարգացման այդ տարրը՚,- ընդգծել է դեսպանը՝ նշելով ԵՄ աջակցությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, անկախ դատական համակարգի ամրապնդանն աջակցությունը: ՙՄենք օգնում ենք Հայաստանին արդիականացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, խթանել տնտեսական միջավայրը՝ փոքր և միջին բիզնեսին աջակցելու միջոցով։ Այնպես որ՝ Եվրոպական միության գործունեության շրջանակը բավական լայն է: Կարծում եմ, որ Եվրամիությունը Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է՚,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: