Արմինֆո.Հայ պաշտոնյաները ձեռնպահ են մնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ գնահատականներից, ում օգոստոսի 30-ին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան և նույն օրը Շերեմետևո օդանավակայանից արտաքսել են Հայաստան:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, ՀՀ ԱԳՆ-ը ուսումնասիրում է այդ հարցը: ՙԱրդյունքներն ավելի ուշ կներկայացվեն՚,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է նա:
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր հերթին նշել է, որ իրավասու չէ մեկնաբանել այլ պետության օրենքները և իրավական ակտերը:
Միաժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ այդ միջադեպի առնչությամբ որևէ պաշտոնական բողոք չի ստացել:
Ավելի վաղ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին՝ 08:00-ին, ժամանել է Շերեմետևո օդանավակայան, սակայն չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի տարածք, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի առկայության պատճառով: Ստեփան Գրիգորյանը Մոսկվա էր մեկնել 2014թ Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։
ՙԻնձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր արվում «ՌԴ մուտք գործելու կարգի մասին՚ դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին: Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում որևէ գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը /Հայաստան/ ակտիվորեն համագործակցում է եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և տարբեր ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում՝ հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի՚,- Facebook-ի իր էջում գրել է Գրիգորյանը: Ըստ որում, նա նշել է, որ նույն օրն արտաքսվել է Հայաստան:
Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նույնպես հայտնել են, որ Ռուսաստանից ՀՀ քաղաքացի Ստեփան Գրիգորյանի արտաքսման առնչությամբ տեղեկատվության չեն տիրապետում: