Հայաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը Երևանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նախագահ Կարոլին Դույեզին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ՊՆ մամլո քարտուղարությունում, հանդիպման ընթացքում Դ. Տոնոյանը նշել է նաև, որ հայկական կողմն անհերքելի փաստեր ունի ադրբեջանական զինվորականների մարտական գործողությունների մասին, որոնք միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն կարելի է որակել որպես հանցագործություն:
Կ. Դույեզն իր հերթին հայտարարել է, որ պատվիրակությունը պատրաստ է աջակցել բնակչությանը, ինչպես նաև պատվիրակության իրավասության շրջանակներում համապատասխանորեն արձագանքել անհայտ կորածների հայտնաբերման և զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու հարցում:
Նշենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական տվյալների համաձայն, մարտական գործողությունների ընթացքում շփման գծում հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, իսկ 26-ը համարվում են անհայտ կորած: