Մոսկվան պետք է զգուշանա ոչ թե Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այլ`Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական դաշինքի ստեղծման հեռանկարից, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը:
ՙԱռանձնակի դժգոհություն Կրեմլի մոտ`կապված ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ, ես չեմ նկատում: Կարծում եմ` մեր երկրի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրը պետք է սեփական քաղաքականությունն իրականացնի: Հետևաբար, եթե խոսենք նյարդայնանալու մասին, ապա միմիայն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական դաշինքի ստեղծման պատճառով՚,- ասել է Գուսևը:
Հիշեցնենք, որ դաշինքի ստեղծման նախաձեռնության մասին ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրաքլի Ալասանիան`ընդգծելով, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այսօր բախվում են համանման մարտահրավերների:
Գուսևի խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է` բավականին ուժեղ բանակով, և թեև սխալ կլիներ ասել, որ այդ նախաձեռնությունն ուղղված է առաջին հերթին Ռուսսատանի դեմ, այնուամենայնիվ, դա Մոսկվայի համար այնքան էլ հաճելի նորություն չէ: ՙՉեմ կարծում, թե անմիջապես ՌԴ հարավային սահմաններին ռազմական առանցքի ստեղծումը բխում է Մոսկվայի շահերից, և, կարծում եմ, Պուտինի Բաքու այցի ընթացքում այդ հարցին որոշակի ուշադրություն կադարձվի՚,- նշել է Գուսևը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնորդի Ադրբեջան այցի փաստին, փորձագետն ընդգծել է, որ այդ այցը Մոսկվայի կողմից Հարավային Կովկասում իր գերակայությունների վերանայման վկայություն չի համարում: ՙԲոլոր նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները միշտ գտնվել են Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Ավելին, մերձկասպյան պետության հետ համագործակցությունը հատուկ կարևորություն է ներկայացնոմ Ռուսաստանի համար՚,- ասել է փորձագետը: