Երեւանյան հիմնական ավտոմայրուղիներին զուգահեռ պետք է ստեղծվեն դենդրոպարկեր։ Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու խորհրդի թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը (3-րդը համամասնական ցուցակում)։ Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ է ընտրել ծառերի այնպիսի տեսակներ, որոնք ավելի լավ են կլանում ծանր մետաղներն ու փոշին։ Նա ավելացրել է, որ բնապահպանական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է նաեւ կատարելագործել տրանսպորտային համակարգը։ ՙՔաղաքին անհրաժեշտ են շրջանցող ճանապարհներ, որպեսզի հանրապետությունում ավտոմեքենաների հոսքն անցնի քաղաքից դուրս՚, – հայտարարել է նա։ Բացի այդ, ավելացրել է նա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ մետրոպոլիտենի զարգացմանը։ ՙՀամաձայն եմ, դա շատ ծախսատար է, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է քաղաքին։ Ուղեւորափոխադրության խնդիրը լուծելու համար նաեւ նոր տեղամասեր կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում, սակայն ոչ թե մետրոյի, այլ ստորգետնյա տրամվայների, որոնց համար ավելի շատ խորություն պետք չէ, եւ այդ պատճառով էլ ավելի էժան են՚, – հայտարարել է Հ.Թոքմաջյանը։
Հիշեցնեք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ ՙԱռաքելությունը՚, ինչպես նաև ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքը։ 65 անդամից կազմված ավագանու խորհուրդն իր հերթին կընտրի Երևանի քաղաքապետին: