Պարզվել է հայ-թուրքական սահմանը խախտողի անձը, ով սեպտեմբերի 2-ին ձերբակալվել էր Երասխ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանի և Ռաֆիկ Պետրոսյանի կողմից: Նա Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարան է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ռուսաստանի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, ըստ Սատարայի, ինքը ցանկացել է հատել իրանական սահմանը`այնուհետև Թուրքիա անցնելու նպատակով, որպեսզի հանդիպի իր ընտանիքին, որն ապրում է Վանում: Այժմ այդ տարբերակը ստուգվում է:
Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում`Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի` Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, որքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ`աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:
Միջադեպի մասին տեղակացված ռուս սահմանապահները հետազոտել են Արաքս գետի ափի այն տեղանքը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: տնվել է սև սպորտային ուսապարկ, որում Սատարայի անձնական իրերն են եղել: Նույն օրը սահմանախատը հանձնվել է ՀՀ ԱԱԾ-ին, որն ավելի մանրամասն կզբաղվի այդ գործով:
Այսօր Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ վարչության կողմից: