Ամբողջ հանրությունը ցնցվեց. Ականատես դառնալով, թե ինչպես բնապահպան ներկայացող ինչ-որ մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ փակեցին ու դրոշմեցին դեպի ՙԱրարատցեմենտ՚ գործարան ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանը` ջրազրկելով գործարանը, և զրկելով բազմաթիվ այլ տնտեսություներ ու ձկնաբուծարաններ ջրամատակարարումից, դրանով իսկ ջրային ռեսուրսն ուղղելով դեպի Ադրբեջան, ասվում է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանի հայտարարության մեջ:
ՙՎստահ եմ` բոլորին պարզ դարձավ, որ քաղաքական անհամաձայնությունների արդյունքում ՙԱրարատցեմենտ՚ գործարանի 1600 աշխատակիցներին ու բազմաթիվ այլ տնտեսություններին վնաս հասցնելու որոշ ուժերի սպասարկուների մոլուցքը բարոյական սահման չի ճանաչում: Բայց արի ու տես, որ ՙԱվշարի՚ սեփականատեր, ներկայումս հանրապետական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որը նաև Արարատի մարզպետի եղբայրն է, իրեն թույլ տվեց հայտարարել, թե գործարանը պարտք ունի, և դա է հանդիսացել ջրազրկման պատճառը: Նշեմ, որ ՙԱրարատցեմենտը՚ ոչ միայն չունի որևէ պարտք, առհասարակ, այլև նույնիսկ կատարել է գերավճար ծառայությունների դիմաց:
Այս տեղեկությունները պաշտոնական են ու հասանելի բոլորի համար: Ինչու հանրապետական գործարարը որոշեց հանկարծ թեմայի շուրջ լրագրողներին պարզաբանում տալ, այն էլ` սուտ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը, բայց որ ՙԱվշարի՚ սեփականատերը կարող է այսուհետ հավակնել ադրբեջանական շնորհակալագրի` ակնհայտ է՚,- հայտարարել է Ուրիխանյանը: