Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի
խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Շուրջ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ
թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է
մատակարարման երկժամյա գրաֆիկ: Տարիներ շարունակ շահագործված թուջե խողովակները
ենթարկվել են կոռոզիայի, ջարդվել և վաղուց դուրս են եկել շարքից:
Լուկաշինցիները տարիներ առաջ գտել են ջրի ցածր ճնշումը
կարգավորելու ժամանակավոր լուծում, որը, սակայն, արդյունավետության տեսանկյունից
իրեն չի արդարացրել: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու,
մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական
պայմաններ ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալությունը (ԱՄՆ ՄԶ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր են ստորագրել:
Լուկաշինում ամռանն սկսված ջրամատակարարման ծրագիրը մեծ թափ
է առել: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող
ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է շուրջ 12,2 կմ:
Նախալեռնային այս շրջանում իրականացվող աշխատանքները մեծ համբերություն և
ջանասիրություն են պահանջում: Ծրագրի շուրջ համագործակցող կողմերն ու
գյուղացիները, սակայն, չեն հուսահատվում: Նոր ջրատարի անցկացման ժամանակակից,
գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային խողովակների տեղադրման, ջրաչափական
ենթակառուցվածքի ներդրման միջոցով նրանք ձգտում են ցանկալի արդյունք ստանալ:
Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում
ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչև
շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում,
ինչպես նաև ջրի և էներգիայի խնայողություն: Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը
տեղեկացնում է, որ ծրագիրն արդեն 70 տոկոսով իրականացվել է:
Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից
դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ
աշխատանքներ և լուկաշինցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից:
Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից
ընդհանուր առմամբ օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶ-նª 60 միլիոն դրամ: